ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Քաղաքական սեզոնի վերջին «ճակատամարտը»

Քաղաքական սեզոնի  վերջին «ճակատամարտը»
26.03.2013 | 00:38

2013-ի մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները «քաղաքական մրցավազքի» վերջին ստուգատեսն է, որին ընդառաջ հայաստանյան քաղաքական ուժերը լրջագույն պատրաստություններ են տեսնում: ՀԱԿ-ը, մասնակցելով մայիսի 5-ի ընտրություններին, փորձում է ապացուցել իր մաղված շարքերին և հասարակությանը, որ դեռևս կենսունակություն ունի: Միևնույն ժամանակ, ՀՀՇ-ից ՀԱԿ-ի վերածված «լևոնական շարժումը» ստիպված է գործել բարդագույն պայմաններում. վերջին տարվա ընթացքում ՀԱԿ-ից լուրջ արտահոսք է եղել, ՀԱԿ-ը չի մասնակցել նաև նախագահական ընտրությանը` իր ընտրազանգվածի մի մասին ստիպելով այլ քաղաքական հեղինակություններ գտնել: ՀԱԿ-ի համար չափազանց բարդ է լինելու ավագանու ընտրությունների շրջանում ձայներ հավաքելը, քանզի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև» շարժումը ևս մասնակցում է ընտրություններին` այսօրվա դրությամբ առաջատար դիրքեր զբաղեցնելով ընդդիմադիր ճամբարում: Բացի դրանից, չափազանց շատ են ՀԱԿ-ից, Լևոն Տեր-Պետրոսյանից և նրա ֆավորիտ Լևոն Զուրաբյանից նեղացած ու ՀԱԿ-ից հեռացած գործիչները, որոնք ժամանակին կազմում էին լևոնական ընդդիմության առանցքը, իսկ այժմ ոչ միայն ՀԱԿ-ին ձայն չեն տալու, այլև փորձելու են խոչընդոտել ՀԱԿ-ի գործունեությունը:
Նմանատիպ խնդիրներ ունի նաև ՀՅԴ-ն: Հայկական ավանդական սոցիալիստական կուսակցությունը զգալիորեն թուլացրել է իր դիրքերը քաղաքական դաշտում` հայտնվելով «շարքային քաղաքական ակումբի» վերածվելու վտանգի առջև: 2009-ին դուրս գալով իշխանական կոալիցիայի կազմից` ՀՅԴ ղեկավարությունն այդպես էլ չկարողացավ գտնել քաղաքական հաջողության բանաձևը: Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում բռնաճնշումների ենթարկված ՀՅԴ-ի զարթոնքը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին, երբ կուսակցությունը քոչարյանական իշխանության հենասյուներից մեկն էր և զգալի աջակցություն ուներ նաև ՀՅԴ սփյուռքի կառույցներից: 2009-ից հետո ՀՅԴ-ն չկարողացավ իր տեղը գտնել ընդդիմադիր դաշտում` չկարողանալով նաև տեղավորվել իշխանական համակարգում: Նախագահական ընտրություններին չմասնակցած և ընտրազանգվածի որոշակի կորուստ ունեցած ՀՅԴ-ն լուրջ խնդիրներ է ունենալու Երևանի ավագանու ընտրություններում, քանզի կուսակցության վարկանիշը և հնարավորությունները թույլ չեն տալու լուրջ հաջողություններ գրանցել: ՀՅԴ-ն, ինչպես նաև ՀԱԿ-ը, Երևանի ավագանու ընտրություններին իրականում շատ լուրջ չեն վերաբերվում` մասնակցություն ցուցաբերելով օլիմպիական սկզբունքով և խնդիր ունենալով հասարակությանը ցույց տալու, որ մասնակցում են ընտրական գործընթացներին:
Ըստ էության, Երևանի ավագանու ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի միջև: Վերջինիս համար Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական գերխնդիր է, քանզի 2012 թ. խորհրդարանական ընտրություններից հետո երկրորդ խմբակցությունը ձևավորած կուսակցությունը մինչև նախագահական ընտրության մեկնարկը հավակնում էր (համենայն դեպս, այդպես էր ներկայացվում) իշխանությունը ՀՀԿ-ից վերցնելու հայտ ներկայացնել: Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների շրջանում ԲՀԿ-ի գրանցած հաջողությունը պայմանավորված էր ոչ միայն տրակտորներով և «քաղաքական բարեգործությամբ», այլև ընդդիմադիր կեցվածքով: Կառավարության գործունեության անխնա քննադատությունն առժամանակ թույլ տվեց ԲՀԿ-ին գերակա դիրքեր զբաղեցնել ընդդիմադիր դաշտում` բողոքող ընտրազանգվածին գրավելով իր ազդեցության ոլորտ: Սակայն նախագահական ընտրությանը ոչ մի ձևաչափով չմասնակցած կուսակցությունը զգալի վարկանիշային կորուստ է ունեցել և ներկայումս փորձելու է վերականգնել կորցրածը: Միևնույն ժամանակ, Երևանի ավագանու ընտրությունն այն քաղաքական միջոցառումը չէ, որի պայմաններում հնարավոր է կառավարությանը քննադատելով լուրջ հաջողություններ արձանագրել, հատկապես այն դեպքում, երբ ԲՀԿ ցուցակի առաջին համարը, այսինքն` քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն Վարդան Օսկանյանն է, ով ոչ միայն տեղական ինքնակառավարման փորձ չունի, այլև չի մոռացվում որպես քոչարյանական իշխանության շրջանի արտաքին քաղաքականություն վարող հակասական գործիչ: Օսկանյանին խանգարում է նաև փողերի լվացման հետ կապված «Սիվիլիթաս» հիմնադրամի գործը: Ինչևէ, ԲՀԿ-ն փորձելու է ամեն գնով հաջողության հասնել, քանզի Երևանի ավագանու ընտրություններից հետո շուրջ երեք տարի Հայաստանում մեծ մասշտաբի քաղաքական միջոցառումներ տեղի չեն ունենալու, իսկ դա նշանակում է, որ կառավարչական լծակներից հեռու ԲՀԿ-ն խնդիրներ է ունենալու նաև շարքերի պահպանման հարցում: Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն մեկ մարդու` Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված կուսակցություն է, որտեղ հիմնականում հավաքված են մարդիկ, ովքեր տարատեսակ ակնկալիքներ և հավակնություններ ունեն: Կառավարության մաս չկազմելը կարող է փոխհատուցվել Երևանի քաղաքապետարանով, որտեղ ևս զգալի «ատկատային» ռեսուրսներ կան, ուստի և հնարավոր կլինի, գոնե, մինիմալ կարիքներ հոգալ:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ձևավորած «Բարև, Երևան» դաշինքի ցուցակին, ապա պետք է նշել, որ վերջին նախագահական ընտրության ֆոնին «Ժառանգությունը» որոշակի հաջողություններ կգրանցի, քանզի չի դադարեցնում փողոցային պայքարը` փորձելով մնալ հասարակության ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հատվածի ուշադրության կենտրոնում: Միևնույն ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը բախվելու է լուրջ խնդիրների: Ի տարբերություն նախագահական ընտրությունների, այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի մրցակիցը ոչ միայն իշխող հանրապետականն է իր ահռելի հնարավորություններով, այլև ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը, որպես ընդդիմադիր կուսակցություններ, և ԲՀԿ-ն իր «տրակտորա-ակնոցային» գործելաոճով: Կասկածից վեր է, որ «Ժառանգությանը» չի հաջողվի կրկնել փետրվարի 18-ի հաջողությունը: Չի բացառվում, որ «Բարև, Երևանը» զբաղեցնի երկրորդ տեղը, սակայն ո՛չ ընտրողների ձայների 38 տոկոսով: Ըստ էության, Երևանում Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայների համար պայքարելու են մյուս ընդդիմադիր կուսակցությունները` զգալիորեն թուլացնելով նաև Րաֆֆիի դիրքերը քարոզչական դաշտում:
Նշենք, որ ընտրություններում հաջողության հասնելու ամենամեծ հնարավորությունը շարունակում է պահպանել իշխող հանրապետականը: Ցուցակի առաջին համար Տարոն Մարգարյանը, ի տարբերություն մրցակից կուսակցությունների առաջին համարում հայտնված գործիչների, տեղական ինքնակառավարման զգալի փորձ ունի: Մարգարյանը երկար տարիներ եղել է Ավանի թաղապետը` համարվելով Երևանի ամենաարդյունավետ համայնքային ղեկավարը: Նա նաև մի քանի տարի Երևանի քաղաքապետի տեղակալն էր, իսկ վերջին տարիներին Երևանի քաղաքապետն է: Նման փորձառություն այսօր չունի և ոչ մի քաղաքապետի հավակնորդ: Բացի այս հանգամանքից, ՀՀԿ-ն վճռական է տրամադրված, քանզի կուսակցության վերնախավը հասկանում է, որ խորհրդարանական և նախագահական ընտրություններում արձանագրած հաջողությունը խոցելի և կասկածելի կհամարվի, եթե ՀՀԿ-ն հաղթանակ չտոնի նաև Երևանի ընտրություններում: Սա է, թերևս, գլխավոր պատճառը, որ ՀՀԿ ղեկավարությունը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է չափազանց կարևոր իրադարձություն և պատրաստ չէ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` այն զիջել որևէ այլ կուսակցության: Ինչևէ, ՀՀԿ-ն ունի բոլոր հարաբերական առավելությունները, մնում է ճիշտ գործել և ընտրություններին մասնակցել երևանցու համար հնարավորինս թափանցիկ ոճով:

Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2725

Մեկնաբանություններ